Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման նախաձեռնությանը, հայտնում է երկրի Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
Իսրայելի ԱԳՆ-ի ներկայացրած բանաձևը հաջորդիվ կդրվի Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը։
«Ճիշտ բան անելու համար երբեք ուշ չէ»,- կառավարության որոշումից հետո հայտարարել է Սաարը։
Նրա խոսքով՝ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը «բարոյական և պատմական պարտք է», և անհրաժեշտ է նաև դատապարտել դրա ժխտման, պատմական փաստերի խեղաթյուրման ցանկացած փորձ։
Իսրայելի ԱԳՆ-ն նշել է, որ չնայած Հայոց ցեղասպանությունը լայնորեն փաստագրված է՝ այն շարունակում է ենթարկվել ժխտման և նսեմացման համակարգված արշավի, որը, ըստ նախարարության, գլխավորապես առաջ է տանում Թուրքիան։
2025-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել էր, որ ճանաչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանությունը։
2026-ի հունիսի 26-ին Սաարը հայտնել էր, որ Իսրայելի կառավարության առաջիկա նիստում կներկայացվի բանաձևի նախագիծ՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ։
Նախաձեռնությունը ներկայացվել է Իսրայելի և Թուրքիայի միջև սրված հարաբերությունների ֆոնին։ Գազայի պատերազմի մեկնարկից հետո Անկարան խիստ քննադատում է Իսրայելի գործողությունները, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար կոշտ հայտարարություններով է հանդես գալիս Իսրայելի ղեկավարության հասցեին։
































