Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ առաջիկայում քննարկվում է նախարարության անվան փոփոխության գաղափարը։ Թորոսյանը նշել է, որ հետագայում փոփոխություններ կարող են լինել նաև ՄՍԾ գործառույթներում։
Թորոսյանն անդրադարձել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կիսամյակային առաջնահերթություններին, իրականացվող աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին։ Նախարարը կարևորել է նաև սոցիալական ծառայությունների թվայնացումը՝ շեշտելով քաղաքացիների դիմումների ընդունման, մշակման և սպասարկման առավել պարզ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։
Ներկայացվել են նաև նախարարությունում ներդրված Spark.work հարթակի կիրառման ընթացքը և դրա գործառույթների ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Նախարարության անվանափոխման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հունիսի 11-ի կառավարության նիստին։ Նա նշել էր, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը «ձգտում է զրոյի», իսկ իշխանությունների մոտեցման տրամաբանությունն այս հարցում կարող է «ավելի տեսանելի արտահայտվոլ, այդ թվում՝ նախարարության անվան մեջ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







