«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ քրեական հետապնդումն ու քաղաքական ճնշումները չեն կանգնեցնի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցումը:
Պարբերականը ծավալուն նյութ է հրապարակել Ծառուկյանի մասին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով նրա կուսակցությունն ստացել էր քվեների 4%-ից պակաս ձայն ու չէր հաղթահարել անցողիկ շեմը: The Guardian-ը նշում է, որ կուսակցությունը դատարանում վիճարկում է քվեարկության արդյունքները, իսկ Ծառուկյանը, չնայած քաղաքական ձախողմանը, մտադիր է կյանքի կոչել այդ մասշտաբային նախագիծը, որն անվանում է Հայաստանի ապագա «այցեքարտ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթական ելույթի հաջորդ օրը քննիչները ժամանել էին Ծառուկյանի առանձնատուն՝ նրան հարկային իրավախախտումների վերաբերյալ պաշտոնական մեղադրանք առաջադրելու համար: Այդ օրերին իշխանամետ լրատվամիջոցները գրում էին, թե նա իբր փորձել է լքել երկիրը՝ մինչև մեղադրանքի առաջադրումը: Ծառուկյանը հերքել էր այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ ծրագրել էր կարճատև ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, սակայն իրեն թույլ չէին տվել նստել ինքնաթիռ, ինչից հետո նա վերադարձել էր տուն:
The Guardian-ի հետ զրույցում Ծառուկյանը հերքել է նաև այն ենթադրությունները, թե իշխանությունները կարող են տապալել արձանի կառուցումը: Նրա խոսքով՝ նախագիծն արդեն չափազանց մեծ նշանակություն է ստացել դրանից հրաժարվելու համար և կարող է Հայաստանին տնտեսական ու զբոսաշրջային մեծ օգուտներ բերել:
«Ինչպե՞ս կարող է տղամարդը վախենալ: Ինչո՞ւ վախենալ: Ինչի՞ համար են ինձ բանտ նստեցնելու»,- հայտարարել է Ծառուկյանը:
The Guardian-ը հիշեցնում է, որ Փաշինյանը հունիսի 7-ի իր ելույթում սպառնացել էր բանտարկել քաղաքական ընդդիմախոսներին՝ առանձնացնելով Ծառուկյանին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և գործարար Սամվել Կարապետյանին։ Պարբերականը նաև նշում է, որ Փաշինյանը, ով իշխանության էր եկել 2018 թվականին, բազմիցս ներկայացրել է Ծառուկյանին՝ որպես նախկին օլիգարխիկ համակարգի խորհրդանիշ:
Որպես գլխավոր նախագիծ, որով Ծառուկյանը մտադիր է հետք թողնել Հայաստանում, պարբերականն առանձնացնում է Երևանից մոտ 25 կմ արևելք գտնվող Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի 101 մետրանոց արձանի կառուցումը: Գործարարի մտահղացմամբ՝ հուշարձանը տեսանելի է լինելու մայրաքաղաքի մեծ մասից:

Ծառուկյանը հայտարարել է, որ արձանն ավելի բարձր է լինելու, քան Բրազիլիայի Հիսուս Փրկչի հայտնի արձանը և փոքր-ինչ բարձր՝ Նյու Յորքի Ազատության արձանից:
«Մենք աշխարհում ամենահին քրիստոնյա ազգն ենք: Տրամաբանական է, որ պետք է ունենանք Հիսուսի ամենամեծ արձանն աշխարհում»,- ասել է նա:
Ծառուկյանը նախագիծն անվանել է «Հայաստանի այցեքարտ» և նշել, որ «քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»։ Նա նաև ընդգծել է, որ կառուցման ավարտից հետո հուշահամալիր տարեկան կարող է այցելել մինչև 10 միլիոն զբոսաշրջիկ։
«Աշխարհում նման բան չկա։ Օվկիանոսից օվկիանոս բոլորը խոսելու են դրա մասին»,- հայտարարել է Ծառուկյանը:
The Guardian-ը նկատել է, որ Ծառուկյանի նախագիծը, նրա իսկ մտահղացմամբ, տեղավորվում է ավելի լայն միջազգային միտման մեջ, որը միավորում է կրոնական հավատքը, ազգայնականությունն ու մշակութային պահպանողականությունը:
Պարբերականը գրում է, որ Ծառուկյանն այդ միտումը կապում է, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի MAGA շարժման և Եվրոպայի ծայրահեղ աջակողմյան կուսակցությունների հետ:
Ծառուկյանի խոսքով՝ Թրամփը հրավիրված է հուշարձանի բացմանը։ Գործարարը նաև հայտնել է, որ ԱՄՆ դեսպանատան ոչ պաշտոնական ամերիկյան պատվիրակությունն արդեն այցելել է Հատիս լեռան շինհրապարակ։
Բնապահպանները քննադատել են նախագիծը և զգուշացրել, որ շինարարությունը կարող է երկարաժամկետ վնաս հասցնել Հատիս լեռան բնական լանդշաֆտին։
Հուշարձանի շինարարությունը պարբերական ընդհատումներով ընթանում է 2022 թվականից:






















