ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Московский комсомолец-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն չի ընդունում Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները որպես արդար և օբյեկտիվ։
«Չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները որպես արդար և օբյեկտիվ»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը, միաժամանակ, կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հաշվի առնելով երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները։
Զատուլինի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է զարգացնել «փաստացի կապերը» Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ, սակայն դրանք, նրա գնահատմամբ, ձևավորվել են «անարդար, ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում»։ Նա նշել է, որ Ռուսաստանը ճանաչում է Հայաստանում առկա իրողությունները, սակայն «չի կարող դրանք ճանաչել դե յուրե»։
Պատգամավորը նաև նշել է, որ ՌԴ դեսպանը դեռ չի վերադարձել Հայաստան՝ հիշեցնելով, որ նա ընտրություններից առաջ մեկնել էր խորհրդակցությունների։
Մայիսին Զատուլինը հայտարարել էր, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի դրանց արդյունքները։






































