Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահը քաջ առողջություն և հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ցանկացել շուտափույթ ապաքինում նրան և նրա ընտանիքի անդամներին:
Հեռախոսազրույցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի և հետագա հնարավոր զարգացումների շուրջ: Այս համատեքստում նրանք քննարկել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև համագործակցության հարցերը: Նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանին՝ համաճարակի դեմ պայքարում աջակցելու Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք շքերթին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ առիթով օրեր առաջ ստացված հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ մինչ այդ ապաքինված կլինի և կկարողանա մասնակցել Հաղթանակի 75-ամյա տարեդարձի կապակցությամբ կայանալիք բոլոր միջոցառումներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






