ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մատվիենկոն նշել է, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի վարչապետ՝ շատ բան է անում Հայաստանի զարգացման, նրա անվտանգության ամրապնդման ու միջազգային ասպարեզում նրա ազգային շահերը պահպանման համար:
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա: Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը թույլ է տալիս ավելի բացահայտել ռուս-հայկական ռազմավարական բազմավեկտոր գործընկերության ներուժը:
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը շահագրգռված է խորացնել խորհրդարանական երկխոսությունը, ինչը երկկողմ համագործակցության ամբողջ շրջանակի կարևոր բաղադրիչ է: Մենք բարձր ենք գնահատում Ձեր դերը այս հարցում»,-ասված է ուղերձում:
Մատվիենկոն ՀՀ վարչապետին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պետական բարձր պաշտոնում:
«Թող Ձեր գիտելիքները, եռանդն ու վճռականությունը ծառայեն որպես բեղմնավոր աշխատանքի հուսալի հիմք՝ ի նպաստ եղբայրական հայ ժողովրդի»,-եզրափակել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






