«Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտնել է, որ տարբեր կեղծ հարթակներ և օգտահաշիվներ իրենց անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, հայտնել է դաշինքի մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
Նա նշել է, որ դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղարկվում զանգվածային լրատվության միջոցներին և անհատ լրագրողներին՝ փորձելով ստեղծել թյուր տպավորություններ և տարածել ապատեղեկատվություն։
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան»-ի հետ և չեն արտահայտում մեր դիրքորոշումը»,- շեշտել է Ղահրամանյանը։
Նա ԶԼՄ-ներին, լրագրողներին և հանրությանը կոչ է արել զգոն լինել, տեղեկատվությունն ստուգել բացառապես դաշինքի պաշտոնական հաղորդակցման հարթակներով։




































