ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 1-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկությանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց, իսկ «Բարգավաճ Հայաստանը» դեմ քվեարկեց։
Վարման կարգով ելույթ ունենալով՝ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ խորհրդարանը կողմ քվեարկեց հակասահմանադրական օրենքի:
«ԱԺ-ի լիազորությունները սահմանված են ՀՀ սահմանադությամբ, նշված է՝ ԱԺ լիազորությունները Սահմանադրությամբ են սահմանվում, և միայն մեկ դրույթ կա՝ հանրաքվեն հետաձգելու։ Հանրաքվեն չեղարկելու դրույթ չկա, նույն տրամաբանությամբ ԱԺ-ը կարող է չեղարկել, ասենք, հուլիս ամիսը կամ Նոր տարին, այդ պատճառով «Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկել, հիմա եկեք չեղարկենք հունիս ամիսը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ այս նախագծով նախատեսվում էր հանրաքվեն չեղարկելու հնարավորություն ստեղծել, իսկ օրենքը պետք է ընդունվեր պատգամավորների 3/5-րդի ձայներով, որն «Իմ Քայլին» հաջողվեց ապահովել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







