Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) կարող են քննարկել Հայաստանի նկատմամբ կանոնադրությամբ նախատեսված միջոցների կիրառման հարցը՝ ավելի քան երկու տարի պահպանվող անդամավճարների պարտքի պատճառով, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Կազանում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսին։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Լավրովի խոսքով՝ կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը և պայմանավորվել ուսումնասիրել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը։
Լավրովը հղում է արել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի խոսքերին, ըստ որի՝ Երևանը երկրորդ տարին է՝ չի վճարում անդամավճարները, քանի որ չի մասնակցում դաշինքի աշխատանքներին։
«Սա իրավիճակ է, որը նախատեսված է ՀԱՊԿ կանոնադրությամբ, և մենք այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը»,- նշել է Լավրովը։
Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ պարտք ունեցող պետության նկատմամբ կարող են կիրառվել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ում պաշտոնների համար թեկնածուներ առաջադրելու իրավունքի կասեցումը, ձայնի իրավունքից զրկումը և կազմակերպությունից հեռացումը։
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է 1992 թվականից։ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում վերջին տարիներին լարվածություն է նկատվում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ կազմակերպությունը չի արձագանքել Հայաստանի անվտանգության հարցերին, մասնավորապես՝ սահմանային իրավիճակին վերաբերող խնդիրներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ՀԱՊԿ-ի թեման քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ։ Նա հավելել էր, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ ակնկալելը, մասնավորապես՝ ակտիվ մասնակցությանը վերադառնալու ուղղությամբ, «այս պահին անիրատեսական է»։






































