Անկախ պետությունների համագործակցությունում չեն կարող անուշադրության մատնել Երևանի հայտարարությունները՝ կապված եվրաինտեգրման ծրագրերի և Հայաստանում Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողով անցկացնելու հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևին։
Նրա խոսքով՝ այսօր չի կարելի անտեսել վերջերս Հայաստանում անցկացված ԵՄ գագաթնաժողովն Ուկրաինայի հարցով, ինչպես նաև երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Լեբեդևը նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ՝ օգտվելով այդ կառույցների ընձեռած հնարավորություններից։
Այս հայտարարությունը նա արել է «ԱՊՀ 35 տարի․ արդյունքներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ ԵՄ-ի հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։
Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներկրման նկատմամբ, կասեցվել էր «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը։
Ավելի ուշ կասեցրել էր նաև Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, ինչպես նաև ՌԴ ներկրվող հայկական ելակը հետ էր ուղարկվել Բագրատաշենի անցակետից։
Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Եվրամիությանն անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին:
Հավելենք, որ մայիսի 3-5-ը Երևանում տեղի էր ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, մայիսի 5-ին՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը։





































