«Մասիս Մայիլյանի և Սամվել Բաբայանի նշանակումները կարևորում եմ, որովհետև Սամվել Բաբայանը «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավարն է, որն Արցախում երկրորդ քաղաքական ուժն է և ստացել է բավական մեծ թվով քվեներ և ես պարտավոր եմ հարգել ժողովրդի որոշումը, իսկ Մասիս Մայիլյանը քաղաքական հարթակում եղել է իմ գլխավոր մրցակիցը։ Մենք փորձում ենք ստեղծել համերաշխության նոր մթնոլորտ և իրավիճակ, և դա շատ կարևոր է»: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնում Մասիս Մայիլյանին, իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանին նշանակելուն:
ԱՀ նախագահ սա պատահական չի համարել՝ նշելով, որ երեկ արդեն Իլհամ Ալիևն իր հերթական հայտարարություններն է կատարել:
«Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դրանք քաղաքական գործչին վայել հայտարարություններ չեն եղել, մանավանդ այս հայտարարությունը։ Աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում։ Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք և ուզում եմ նաև վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն ինչ ունեցել եք 1994 թվականին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձեք խոսել»,-ասաց Արցախի նախագահը:
Անդրադառնալով Ալիևի այն մտքի, որ «իրենց հին քաղաք Էրիվանը տվել են հայերին․ դա չի կարելի ներել»՝ Արցախի նախագահը նշեց, որ Ալիևը հնարավորություն ունի «իրենց պատմական անճշտությունները» շտկելու, բայց դա Ադրբեջանի համար լինելու է կործանարար։
«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ։ Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ, տրամաբանական լուծմանը։ Այն հայտարարությունը, որ դու արել ես, որ միայն փուլային տարբերակն է: Իհարկե, փուլային տարբերակով կարող է լուծվել, բայց դա միայն մի տարբերակով՝ առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդը՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,- ընդգծեց Հարությունյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







