Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նախագիծ, որով պետական ծառայությունների աշխատակիցների համար վերացվում է 65 տարեկան տարիքային սահմանափակումը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ պետական կառույցներում աշխատող քաղաքացիները կարողանալու են շարունակել իրենց աշխատանքը նաև 65 տարեկանը լրանալուց հետո, ինչը չէր թույլատրվում գործող օրենսդրությամբ։ Թորոսյանի փոխանցմամբ՝ խոսքը մոտ 20-25 հազար քաղաքացու մասին է։
Նախարարը հավելել է, որ լինելու են որոշ բացառություններ ուժային կառույցներում և բուհերում աշխատողների համար, սակայն մեծամասնության համար օրենքը կիրառելի է լինելու։ Ըստ նախագծի՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հիմք կարող են լինել միայն մասնագիտական կարողություններն ու աշխատանքի արդյունավետությունը։
Նախագծով նաև առաջարկվում է պետական ծառայողների որոշ խմբերի թույլատրել դառնալ խնամատար ծնող և դրա համար ստանալ վարձատրություն, եթե այլ օրենքով սահմանափակում նախատեսված չէ։






































