Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ուղերձում հայտարարել է, որ Մեծ եղեռնը հետևանք է հայ ժողովրդին «միջազգային խարդավանքների» մեջ ներքաշելու գործելակերպի։
Վարչապետի համոզմամբ՝ պատմության կրկնությունը բացառելու համար անհրաժեշտ է թույլ չտալ, որ Մեծ եղեռնի թեման միջազգային խաղացողներն օգտագործեն որպես միմյանց դեմ պայքարի գործիք։ Նրա խոսքով՝ այդ գործելակերպը մեկնարկել է դեռևս 19-րդ դարի կեսերից:
«Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ Եղեռնն այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19-րդ դարի կեսերից և իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին»,- ասված է նրա հայտարաության մեջ:
Փաշինյանի համոզմամբ՝ պետության թերբնակեցման և զարգացման խոչընդոտների պատճառը խաղաղության բացակայությունն է ու այն գիտակցման պակասը, որ հայրենիքը հենց պետությունն է՝ իր ճանաչված սահմաններով։ Ըստ նրա՝ միայն այս մոտեցումն ու խաղաղությունն են Ցեղասպանության կրկնությունը բացառող երաշխիքը։
Նա կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին դուրս գալ «գաղթի և պանդխտության տրամաբանությունից» և կենտրոնանալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա։
«Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29,740.3 կմ² տարածքից դուրս։ Հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է»,- նշել է վարչապետը։
Նա հավելել է, որ այս տարածքը լիովին բավարար է բարգավաճման և զարգացման համար՝ որպես օրինակ բերելով Սինգապուրը, որի տարածքն զգալիորեն փոքր է, սակայն այնտեղ ապրում է ավելի քան 5 միլիոն մարդ։
Փաշինյանի բնորոշմամբ՝ «կորսված հայրենիքի» մասին խոսույթը թակարդ է, որի «անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է»։
«Հայաստանի Հանրապետությունն իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սևանա լճի 2/3-ից էլ պակաս է, բայց այնտեղ 5,5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի համոզմամբ՝ խաղաղությունը հնարավոր է միայն հարևանների հետ կարգավորված հարաբերությունների միջոցով՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
Փաշինյանի խոսքով՝ բոլոր նահատակների զոհողությունների իրական հատուցումը Հայաստանի հարատևությունն ու քաղաքացիների ազատությունը, բարեկեցությունն են։ Նա հավելել է, որ ուժեղ պետականությունն ու խաղաղությունը կբացառեն Հայոց ցեղասպանության կրկնությունը:
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշատակի տուրք է մատուցում 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
Երևանում ապրիլի 23-ին կայացել էր ավանդական ջահերով երթ, որի ընթացքում այրվել էր Թուրքիայի դրոշը։ Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, միջոցառման մասնակիցներն Ադրբեջանի դրոշը չեն այրել։ Փաշինյանն ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի դատապարտել էր Թուրքիայի դրոշի այրումը։
Կարդացեք նաև՝
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







