«Ուժեղ Հայաստան» դաշինքն ապրիլի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել Ազգային ժողովի հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների ընտրական ցուցակը՝ կազմված 199 թեկնածուից ու փաստաթղթերը։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնել է, որ կուսակցությունը «զրո մտահոգություն» ունի գրանցման գործընթացի վերաբերյալ, քանի որ օրենսդրությամբ և իրավական տեսանկյունից որևէ գործիքակազմ չկա, որը կարող է խոչընդոտել դրան։
Նա հավելել է, որ ներկայացված փաստաթղթերը նախապես մանրակրկիտ ուսումնասիրվել են և ամբողջությամբ համապատասխանում են Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջներին։
Վարդևանյանը նաև ընդգծել է, որ իրավապահների, այդ թվում՝ իշխանական շրջանակաների այսօր տարածած ձայնագրությունները մոնտաժված են և չեն կարող իրավական հիմք լինել կուսակցությունը չգրանցելու համար։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ Armenia Today-ի հետ զրույցում շեշտել է, որ «Ուժեղ Հայաստանի» պայքարը հենց նման արհեստական միջամտությունների և գործիքակազմի դեմ է, որպեսզի Հայաստանը չդառնա բացառապես յուրային աթոռը պահպանելու համար գործիք, իսկ օրենսդիր և գործադիր մարմիններն էլ չծառայեն բացառապես մի քաղաքական ուժի վերարտադրմանն ու ինքնապահպանմանը:
«Քաղաքական միջամտությունները բացառելու նպատակով ենք մենք պայքար մղում, որ, ի վերջո, իրավունքը գերակայի, ու մարդիկ հնարավորություն ունենան, ինչպես սահմանադրորեն է ամրագրված, ապրել իրավական և ժողովրդավար Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է նա:
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» մարտի 31-ին նախընտրական դաշինքի ստեղծման հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ։ Կարապետյանի ուժին սատարելու մասին հայտարարել էին Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, ինչպես նաև «Կայունություն», «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցությունները: Ավելի ուշ «Ուժեղ Հայաստան» և «Ապրելու երկիր» կուսակցություններն ընտրություններին դաշինքով միասնական մասնակցելու հուշագիր էին ստորագրել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդը կազմել էր քաղաքական ուժի նախընտրական վերջնական ցուցակը, որը հրապարակվել էր ապրիլի 21-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







