«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։
Այսօր՝ մարտի 31-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։
Միավորված քաղաքական ուժերը կենտրոնանալու են «Ուժեղ Հայաստանի» օրակարգի շուրջ, որի առանցքային սկզբունքներն են պետականության ամրապնդումը, տնտեսական կայուն զարգացումը և հաշվետու կառավարման համակարգի ներդրումը։
Նշվում է, որ ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային-պետական և արժեքային մոտեցումներին, և կողմերը պատրաստակամ են համախմբվել այդ գաղափարական հենքի շուրջ։
Հուշագրի ստորագրման ավարտին, պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված դաշինքով ընտրությունների գնալու որոշումը, Կարապետյանը պարզաբանել է, որ հիմք են ծառայել քաղաքական ուժերի մասնագիտական որակները։
«Ֆինանսական մասնագիտական բազա ունեցող պարոն Սարգսյանը և պարոն Հարությունյանը՝ իրավաբանական․ այսինքն՝ մենք տեսնում ենք, որ մասնագիտական փոփոխության ֆորմատով պետք է հանդես գանք։ Քաղաքական գործիչները պետք է չլինեն միայն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, հարկավոր է անցած ճանապարհ ունենան, որպեսզի կարողանան հասկանալ ոլորտները։ Հենց պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա էլ ստեղծել ենք մեր միավորման տեսլականը»,- պարզաբանել է Կարապետյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ուժեղ Հայաստան»-ին ու Սամվել Կարապետյանին պատերազմի դիրքերից հանդես գալու շուրջ մեղադրանքներին վերաբերող հարցին, Նարեկ Կարապետյանը նշել է, որ իշխանություններն, իրական ներդրումային առաջարկների և տնտեսական առաջընթացի բացակայության պայմաններում փորձում են օրակարգ ձևավորել բացառապես խաղաղության պայմանագրի շուրջ։
«Աղքատության վերացման հետ կապված ոչինչ արված չէ երկրում, ոչ էլ այլ ուղղություններով որևէ լուրջ լուծումներ չունենք մեր երկրում, այդ իսկ պատճառով նրանք ինչ-որ օրակարգեր են իրենց համար ստեղծում։ Ծառին նայում են իր պտուղով, այս ծառը երեք պատերազմ է բերել, ամեն սեպտեմբեր արթնանում էինք նոր զոհերով, նոր պատերազմով, հույս թող չդնեն, որ մեր ժողովուրդը հիշողություն չունի, մեր ժողովուրդը 100 տարի առաջ էլ է լավ հիշում, հիման էլ է լավ հիշելու»,- շեշտել է Կարապետյանը։
Նրա համոզմամբ՝ ձևավորված դաշինքն ընտրություններում իրական այլընտրանքն է, քանի որ հասարակությունն ունի երկու ճանապարհ․ կա՛մ հարմարվել ներկա պայմաններին, կա՛մ ընտրել ուժ, որը կապահովվի առաջընթաց:
«Կա՛մ մնում է ամեն ինչ նույնը, այս խեղճ վիճակով, մեր խեղճ անցած վիճակով, պառակտված վիճակով՝ Փաշինյանի հետ, կա՛մ Կարապետյանի հետ գալիս են մեծ փոփոխություններ, նոր փոփոխություններ, նոր հնարավորություններ մեր երկրի համար»,- նշել է նա։
«Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանում հասունացել է պահը, երբ անհրաժեշտ է իր անձնական ցանկություններից վեր կանգնող ղեկավար, որը ոչ թե պետությունը կծառայեցնի իր պետական շահին և անձին, այլ իրեն կծառայեցնի պետական շահին։
««Ուժեղ Հայաստան» դաշինքը Սավել Կարապետյանի հետ հնարավորություն կտա բոլորիս մեկ անվան ներքո փորձել մեր ունեցած բոլոր հնարավորությունները ծառայեցնել հանուն մեր պետության։ Մեծամասամբ բաղկացած ենք իրավաբաններից և փաստաբաններից, մեզ համար շատ կարևոր և էական է անկախ դատական համակարգի կերտումը, որը երազանքի ժանրից չէ։ Ամենօրյա ջանքերի շնորհիվ հնարավորություն ունենք մեր իրականության մեջ ունենալ անկախ դատական համակարգ»,- շեշտել է նա։
Իր հերթին՝ «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Սարգսյանը հայտարարել է, որ իր թիմն առաջնորդվել է Եղիշե Չարենցի «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» սկզբունքով և երկար ժամանակ բազմաթիվ հայրենակիցներից ստանում են հորդորներ, առաջարկներ՝ ուժերի միավորման մասին։
«Ականջալուր ենք այդ առաջարկին, ականջալուր ենք մեր գործը, ուժերը համադրելու, միավորելու, որպեսզի ունենանք և՛ ուժեղ, և՛ արժանապատիվ, և՛ անվտանգ, և՛ բարեկեցիկ Հայաստան»,- ընդգծել է նա։





























