ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «Ռաշն վոյաժ» ընկերության կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների գործը բացահայտել է վարչապետին ենթակա մարմինը՝ Պետական վերահսկողական ծառայությունը, գործերն ուղարկվել են ԱԱԾ և որևէ կասկած չունի, որ գործն արժանի քննության կարժանանա։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի դիտարկմանը, թե նման ընկերություններից մեկիի տնօրենը Իջևանի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանն է, ով վարչապետի քավորն է, Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանը շատ փոքր երկիր է, և եթե շատ փորփրենք, հնարավոր է Սամսոնյանի ընտանիքի հետ էլ կապեր գտնվեն։
« Ես շատ դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանում շատ քիչ մարդիկ կան, որոնք կապի կապի կապի կապով միմյանց կապված չեն։ Եթե դուք ակնարկում եք, որ կեղծ երաշխիքները կարող են կապ ունենալ իշխանության հետ, դուք սխալ պատկերացում ունեք գործող իշխանության մասին։ Յուրաքանչյուրը իր մտապատկերի շրջանում պետք է պատկերացում կազմի Կառավարության հնարավոր գործունեության մասին։ Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ առաջին անգամ է լսում, որ այդտեղ ներգրավված որևէ անձ կապ ունի իր ընկերոջ հետ, իսկ դա արտահայտում է կոռուպցիայի դեմ պայքարի իրենց սկզբունքները։
Վարչապետը նկատեց, որ անիմաստ է իրեն դիմել ծանոթների համար որևէ խնդրանքով, որովհետև ավելի վատ կլինի արդյունքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






