«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն արտահերթ համագումարում ներկայացրել է խորհրդարանական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 անձանց։ Համագումարն ուղիղ եթերով հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Կուսակցության առաջին տասնյակի թեկնածուներն են՝
1․ Սպարտակ Կյուրեղյան
2․ Իշխան Գևորգյան
3․ Նինա Կարապետյանց
4․ Արամ Քոչարյան
5․ Միքայել Նահապետյան
6․ Տաթևիկ Քամալյան
7․ Հայկ Մանասյան
8․ Հովսեփ Ղազարյան
9․ Լիլիթ Մուրադյան
10․ Արամայիս Պետրոսյան
Կուսակցությունը հայտնել է, որ ապրիլի 25-ին հայտարարելու են վարչապետի թեկնածու առաջադրելու գործընթացի մեկնարկի մասին, որը տևելու է 5 օր։ Շարժման 10 երաշխավոր ունեցող անձը կարող է դառնալ վարչապետի թեկնածու։ Կուսակցությունը մայիսի 1-ին կընտրի վարչապետի թեկնածուին։
Շարժման անդամ Արամ Քոչարյանն Armenia Today-ի հետ զրույցում արդարացի է համարել ժողովրդի այն մտահոգությունը, որ որոշ կուսակցություններ ստեղծվել են «ձայներ փոշիացնելու» համար։ Նրա խոսքով՝ նախորդ տարիներին մարդկանց խաբել են ու արդարացի է, որ նրանք կասկածում են։
Նա նշել է, որ շարժման ներկայացուցիչները մինչ այս պահն ակտիվ քաղաքական գործունեություն չեն ծավալել, բայց լավ մասնագետներ են իրենց ոլորտներում և իրենց հաջողակ կարիերան մի կողմ չեն դրել «ձայն փոշիացնելու» համար։
Ապրիլի 18-ին հաստատվել էին նաև «Լուսավոր Հայաստան» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների ընտրական ցուցակները։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:



























