ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Միջոցառումն ուղիղ միացմամբ հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Կուսակցությունը նաև հայտնել է, որ կուսակցության գործադիր վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին վարչապետի թեկնածու կառաջադրեն։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նշել է, որ մասնակցության և թեկնածուի որոշումները կայացրել են միաձայն՝ կուսակցության վարչության նիստում։
Մանուկյանի խոսքով՝ կոնգրեսն առաջիկա ընտրությունները չի դիտարկում որպես հերթական ընտրական գործընթաց՝ ընդգծելով, որ, իրենց գնահատմամբ, երկիրը գտնվում է ինքնիշխանության և պետականության կորստի փուլում։
Ըստ նրա՝ այն քաղաքական ուժերը, որոնք սահմանափակվում են միայն խորհրդարան մտնելու նպատակով, փաստացի նպաստում են գործող իշխանությունների օրակարգին։ Մանուկյանի խոսքով՝ ՀԱԿ-ը նախընտրական պայքարին մասնակցում է ավելի մեծ նպատակով՝ ձևավորելու առավելագույնս մեծ կամ արդյունավետ դաշինք, որը հնարավորություն կտա փրկել երկիրը «գահավիժումից»։
Զուրաբյանը շեշտել է, որ իրենց կուսակցությունը քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցություններ է վարում միավորման վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ երկրում արմատական փոփոխությունների համար քաղաքական համախմբումն ամենակարևոր գործիքն են դիտարկում։ Զուրաբյանի խոսքով՝ բանակցում են միայն այն ուժերի հետ, որոնց լուրջ են համարում։
«Ցավոք, քաղաքական համախմբման բանակցությունները դեռ վճռական և վերջնական արդյունք չենք տվել»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ քաղաքական ուժերը դեռ չեն ընդունել համազգային դաշինք ստեղծելու իրենց առաջարկը։
Զուրաբյանը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը, որով նախատեսում են չեղարկել գործող իշխանությունների մի շարք ծրագրեր, որոնց թվում է նաև «Ակադեմիական քաղաքը», ինչպես նաև վերադարձ կատարել կիսանախագահական համակարգին։ Նա նշել է, որ կարևորում են անվտանգ ու խաղաղ երկիր ունենալու անհրաժեշտությունը։
Իրական խաղաղություն, ըստ ՀԱԿ-ի, հնարավոր է Հյուսիս-հարավ երկաթուղու կառուցմամբ, ինչը պետք է ռազմավարական ծրագիր դառնա։ Զուրաբյանը նաև նշել է, որ արտաքին քաղաքականության նոր մոդել են առաջարկելու՝ վերականգնելու են հայերի այն դերը, որոնք ժամանակին կարողացել են կապող օղակ լինել արևմուտքի և արևելքի միջև։ Զուրաբյանի խոսքով՝ իրենց ծրագիրը նաև ենթադրում է տնտեսվարողին խրախուսող համակարգ՝ ի հակառակ բյուջեն լցնելու մոդելի։
Armenia Today-ի հարցին՝ կա՞ն ոլորտներ, որոնցում ՀԱԿ-ը չի պատրաստվում վերանայումներ անել, Զուրաբյանը նշել է, որ իշխանությունները նաև ձեռքբերումներ են ունեցել, որոնք, սակայն, հիմա «մսխում են»։
«Լավ բաներ անում են։ Ամենալավը, որ արել են, փոխելն էր այն մթնոլորտը, որը կար մինչև 2018 թվականը, երբ հասարակ մարդուն բանի տեղ չէին դնում։ Տեղական լավ տղերքը կամ, այսպես կոչված, վերնախավն ամեն օր նվաստացնում, թալանում էին մարդկանց։ Հիմա այդ մթնոլորտը վերացել է, ինչը հեղափոխության արդյունք էր, քանի որ ժողովուրդը ոտքի կանգնեց։ Մինչդեռ այն տեմպով, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է հաստատել իր բռնապետությունը, շատ արագ այդ ձեռքբերումներն էլ կանհետանան։ Փաշինյանը հեղափոխության ձեռքբերումները մսխելով է զբաղված»,- ասել է ՀԱԿ փոխնախագահը:


































