Հայաստանի իշխանություններն ունեն հանրային վստահության բարձր մակարդակ և կարող են հանրաքվեներ անցկացնել ժամը մեկ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկմանը։
Մեկնաբանելով ընդդիմախոսների հայտարարությունները՝ փոխխոսնակը նշել է, որ հանրաքվեն ամենաժողովրդավարականն է և մնալու է ամենաժողովրդավարականը։
«Դիմելով երկու մյուս քաղաքական ուժին էլ, ասեմ, որ միշտ կարելի է գտնել պատճառներ, ստորակետեր յուրաքանչյուր օրենք չպաշտպանելու համար, դա նոր բան չեմ ասում: Ես զարմանում եմ, երբ դուք փորձում եք «աղվեսը պոչին է ապացույց բերում» տրամաբանության մեջ մեզ պարտադրել, որ ՍԴ-ն որոշի ինքն իր հարցը: Դա իրավունքի առումով բառախաղ է: ԲՀԿ-ն չի կարող ԲՀԿ-ի մասին բան որոշել, «Իմ քայլը» չի կարող «Իմ քայլի» մասին բան որոշել, մի քիչ տրամաբանական չէ»,- ասաց նա:
Փոխխոսնակը նշեց, որ ՍԴ-ի հարցը պետք է լուծել, իսկ հանրաքվե անցկացնել համաճարակի պայմաններում՝ վտանգելով մարդկանց առողջությունը, երկրի իշխանությունները մտադիր չեն:
Դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, Սիմոնյանը նշեց․
«Դուք բավական մեծ քաղաքական փորձառություն ունեք, Դուք մտածում եք, որ «Իմ քայլը» խմբակցությունը խնդիր ունի՞ հանրաքվե անելու: Կարող ենք ժամը մեկ հանրաքվե անել, մենք վստահության խնդիր չունենք: Դիմակը, որ քաշում, փակում եք, դա է պատճառը, որ չենք անում, երբ մենք հայտարարենք, որ հանրաքվե այնուամենայնիվ անում ենք, դուք գալու եք այստեղ, ասեք՝ ո՞նց եք հանրաքվե անում, մենք այստեղ դիմակով ենք նստած, դուք հանրաքվեի եք գնո՞ւմ։ Ո՞նց է այնպես լինում, որ ՍԴ-ն երկրորդ պլան եք դնում և ասում եք՝ դա կեղծ օրակարգ է, և մենք կարող ենք անընդմեջ հետաձգել, լավ էլի: Խնդիրը կա, խնդիրը լուծվելու է: Մի՛ արեք նման բաներ, որովհետև քաղաքացիները հասկանում են՝ ով ինչի համար ու ինչ ստորակետ է պատճառ բերում»,- նշեց Սիմոնյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






