Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Դավիթ Խաչատրյանի թեկնածությանը՝ տեղեկատվական համակարգերը կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում: Քվեարկության արդյունքում մասնակից 61 պատգամավորից թեկնածությունը պաշտպանել են բոլորը, ոչ ոք դեմ չի քվեարկել:
Տնտեսագետ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։
Խաչատրյանը ծնվել է 1982 թվականին՝ Երևանում, ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Ունի շուրջ 20 տարվա աշխատանքային փորձ պետական կառավարման, ֆինանսների և բանկային համակարգի ոլորտներում: Տարբեր տարիներին աշխատել է բանկային ոլորտում, զբաղեցրել է SoftConstruct ընկերության կորպորատիվ զարգացման գծով տնօրենի պաշտոնը, ղեկավարել է «Հայաստանի պետական շահերի հիմնադրամ» ՓԲԸ-ի նախագծերի իրականացման դեպարտամենտը:
2018-2021 թվականներին հանդիսացել է «Իմ քայլը» դաշինքի Երևանի ավագանու անդամ, իսկ 2020-2026 թվականներին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






