ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության անդամները վերջնականապես խճճվել և շփոթել են մյուսներին։
«Հարգելի գործընկերներ, դուք մի քիչ խճճվել եք. կամ դուք չեք պայմանավորվել միմյանց հետ, կամ քննարկում եք տարբեր օրենքներ։ Մի մասն ասում է, որ հարցը չի վերաբերում հանրաքվեին, մյուս մասը պնդում է, թե վերաբերում է։ Մյուսներն էլ ասում են, որ հանրաքվեն, միևնույն է, տեղի կունենա։ Պայմանավորվեք, որպեսզի արդյունքում չշփոթեք այն մարդկանց, ովքեր մեզ հիմա նայում են», — նկատեց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ իր խմբակցության մոտեցումն այս հարցին պայմանավորված չէ Հրայր Թովմասյանի կամ Սահմանադրական դատարանի գործոնով։
«Հայաստանում ցանկացած գործընթաց պետք է լինի ժամանակին, հասկանալի և որոշակի նպատակներ հետապնդող։ Այսօր երկիրը սարսափելի վիճակում է, իսկ ինչով ենք զբաղված մենք։ Ինձ համար անհասկանալի են հանրաքվեի վերաբերյալ այս տևական ցնցումները։ Դուք բոլորին շփոթել եք, բայց ինչ կլինի ի վերջո: Ի՞նչ եք ուզում»,- տարակուսանք հայտնեց պատգամավորը։
Հարկ է նշել, որ «Իմ քայլը» խմբակցության մշակած և հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը նախատեսում էր սահմանադրական դատարանի նախագահի և անդամների լիազորությունների դադարեցում, որոնք նշանակվել էին 2015 թվականին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






