Պետք չէ Ձեր կյանքը զոհաբերել, պետք է կեղծ օրակարգեր չբերել այս ամբիոն։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին։
«Դուք ուզում եք չեղարկել հանրաքվեն, որից հետո բնականաբար տալ լիազորություն խորհրդարանին չեղարկելու այն։ Սրանից հետո Դուք օգտվելու եք Ձեր իսկ գործիքից՝ չեղարկելու եք հանրաքվեն, փորձելու եք լուծել Սահմանադրական դատարանի հարցը։ Սա կեղծ օրակարգ է։ Երեկ վարչապետն հայտարարեց՝ երկրում ծանր վիճակ է, այսօր ունենք կորոնավիրուսի բարձր թվեր, սոցիալական բազմաթիվ շերտեր ունեն լրջագույն խնդիրներ։ Դուք փորձում եք Հրայր Թովմասյան անունով կեղծ օրակարգ բերել, թիթեռ եք նկարում այստեղ։ Մեզ համար Հրայր Թովմասյանի ու ՍԴ ի հարց չկա։ Երկրի իրական օրակարգը թողած, ընդամենը փորձում ենք բավարարել ձեր ամբիցիաները՝ ազատվել այս Սահմանադրական դատարանից։ Համաճարակը կավարտի, արտակարգ իրավիճակը կավարտվի՝ կանեք հանրաքվե և ժողովրդի ձայնով կորոշեք Սահմանադրական դատարանի և որևէ այլ ինստիտուտի խնդիրը» ,- նշեց Զոհրաբյանը՝ համոզմունք հայտնելով, որ խորհրդարանին հանրաքվեն չեղարկելու լիազորություն տալը հակասահմանադրական է։
Նա նշեց, որ ԲՀ խմբակցությունը այս կեղծ օրակարգին դեմ է, քանի որ վաղն էլ կարող են նախագիծ բերել և խորհրդարանին լիազորություն տալ երկիրը հռչակելու միապետություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






