ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը վստահ է, որ Ադրբեջանը Արցախյան հիմնախնդրի հարցում երբեք չի եղել և չի լինի կոնստրուկտիվ: Այս մասին ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց ԱԺ հերթական նիստի ժամանակ՝ անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած նոր վճռին:
«Ադրբեջանը փաստացի խրախուսել է խտրականությունը և հակահայկական դրսևորումները: Ըստ էության, ՄԻԵԴ-ի որոշումը վերահաստատեց շատ պարզ և հստակ մի գաղափար՝ Ադրբեջանը երբեք չի ունեցել, չունի և չի ունենա նպատակ՝ գալ Արցախյան հիմախնդրի նորմալ, բոլոր միջազգային կանոններին համապատասխան լուծմանը: Ադրբեջանն ունի միայն ու միայն մեկ նպատակ՝ ստանալ տարածք առանց մեզ: Ասեմ ավելի բաց՝ ունի մի նպատակ՝ ոչնչացնել մեզ մեր տանը կամ վռնդել մեզ մեր տնից: Եվ մինչև մենք մեզ համար չհասկանանք ու չընդունենք, որ Ադրբեջանը կոնստրուկտիվ չէ, քաղաքակիրթ չէ և Ադրբեջանը ոչ թե մեր օպոնենտն է, այլ թշնամին է, մենք ոչ մի դրական տեղաշարժի չենք հասնի Արցախյան հակամարտության և առհասարակ տարածաշրջանային այն բոլոր իրադարձությունների և հարաբերությունների ձևավորման մեջ, որը տևական ժամանակ տեղի է ունենում»,- ասաց Աբովյանը:
Պատգամավորը ևս մեկ անգամ նշեց, որ Ադրբեջանը չի եղել և երբեք չի լինի կոնստրուկտիվ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






