«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պարզաբանել է խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու քաղաքական ուժի որոշումը, ինչպես նաև խոսել իշխանության գալու դեպքում կուսակցության առաջին քայլերի մասին:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կուսակցությունը մտադիր է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցել նոր քաղաքական ուժերի հետ: Կարապետյանը նշել է, որ հայ հասարակության մեջ հասարակական համախմբման մեծ ցանկություն կա, քանի որ երկրում շարունակվող պառակտումը խանգարում է հասարակության բնականոն զարգացմանը:
«Այդ պատճառով որոշեցինք դաշինքով գնալ ընտրությունների այն ուժերի հետ, որոնք նոր առաջնորդություն են ներկայացնում։ Կարծում եմ՝ սա Հայաստանում որակական փոփոխությունների ամենաճիշտ ձևաչափն է»,- ասել է նա։
«Ուժեղ Հայաստանի» քաղխորհրդի անդամը կրկին ընդգծել է, որ ընտրություններից հետո կուսակցությունը վարչապետ կընտրի իր թեկնածու, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին և չի քվեարկի որևէ ընդդիմադիր ուժի թեկնածուի օգտին:
Կարապետյանը խոսել է նաև այն որոշումների մասին, որոնք առաջին նիստում կկայացնի «Ուժեղ Հայաստանի» ձևավորած կառավարությունն ընտրություններում կուսակցության հաղթանակի դեպքում:
Նրա խոսքով՝ որոշում կկայացվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բոլոր զինծառայողներին, ովքեր տիրապետում են զենքի հետ վարվելու կանոններին, աշխատավարձ տրամադրել: Առաջին նիստում որոշում կկայացվի նաև փոքր բիզնեսի համար հարկերի զրոյացման մասին։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր ավելի վաղ հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:



































