Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ողջունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության որոշումը՝ վերադառնալ և մասնակցել նիստերին: Այդ մասին ԱԺ նախագահը հայտարարեց ԱԺ հերթական քառօրյա նիստի ժամանակ՝ նշելով, որ նրանց ներկայությունը փաստում է, որ իրենց նշած «քաղաքական գնահատականը, որի դեպքում միայն կվերադառնային աշխատանքի», հնչել է և բավարարել է նրանց:
Միրզոյանը նշեց, որ մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցածը քննադատվել է թե՛ վարչապետի, թե՛ «Իմ քայլի» պատգամավորների կողմից:
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե միջադեպի օրը որևէ պատգամավոր նախազգուշացում չստացավ՝ մինչդեռ այսօր դիմակ չկրելու համար ընդդիմադիր պատգամավորին հայտարարվեց նախազգուշացում, ԱԺ նախագահն ասաց, որ այդ օրը որևէ մեկը նկատողություն կամ նախազգուշացում չի ստացել, քանի որ միջադեպից անմիջապես հետո հայտարարվել է ընդմիջում, և դահլիճից դուրս են եկել բոլոր պատգամավորները:
Ինչ վերաբերում է դիմակ չկրելու համար պատգամավորներին նախազգուշացում տալու իր որոշմանը, Միրզոյանը նշեց, որ անհամաձայնության դեպքում յուրաքանչյուրը կարող է այն բողոքարկել դատարանում, ընդհուպ մինչև Սահմանադրական դատարանում, ինչ կազմով էլ այն գործի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






