«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Հայաստանի խաղաղության ապահովման համար 3-5 միջազգային երաշխավոր պետք է լինի։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ իր գործով դատական նիստից առաջ։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե իշխանությունները սահմանադրական մեծամասնություն չկազմեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ապա սեպտեմբերին «աղետալի պատերազմ» կլինի, Ծառուկյանն անտեղի է անվանել այդ մասին խոսակցությունները, երբ երկիրը գտնվում է նման վիճակում՝ հավելելով, որ երկրի առջև շատ խնդիրներ են ծառացած, և անընդունելի է նման վարքագիծը:
«Այս պարտված, խայտառակված, խեղճացած վիճակում ժողովուրդը պարտքերի տակ, 2 մլն 450 հազար վարկառու, ամեն ինչ թանկացել է, պետք է դրա մասին մտածի»,- ասել է նա:
Ծառուկյանն ընդգծել է, որ խաղաղությունը չի կարող ձևական լինել:
«Ինչ խաղաղության մասին է խոսքը, եթե բարձունքների վրա ադրբեջանցիներ են նստած»,- ասել է նա:
Ծառուկյանի խոսքով՝ իրական խաղաղությունը պետք է երաշխավորված լինի հզոր պետությունների կողմից:
«Մենք փոքր պետություն ենք, կարիք ունենք երեքից չորս ազդեցիկ պետությունների հետ դաշնակցային փաստաթուղթ ստորագրելու, որ ճանճն անգամ չտզզա մեր տարածքում»,- ընդգծել է նա:
Ի պատասխան վարչապետի կողմից վերջին օրերին հնչող առաջարկներին՝ այն է՝ ընդդիմադիրների կողմից ապացուցելու իրենց «ուժեղ» լինելը, Ծառուկյանը նշել է, որ «ուժեղ լինելը գործով պետք է ապացուցվի»։
Իր քաղաքական ուժի կողմից վարչապետի թեկնածուների անուններ հնչեցնելու խնդրանքին ի պատասխան՝ Ծառուկյանը միայն հայտարարել է, որ իր գլխավորած քաղաքական ուժի թեկնածուն չի լինի «հներից», այլ լինելու է ապագայի վարչապետ:
«Այսօր մեր երկրին անհրաժեշտ է ապագայի վարչապետ, որը չի լինելու ո՛չ հներից, ո՛չ նորերից»,- նշել է նա:
Լրագրողների հարցին, թե արդյոք մտավախություն ունի՞, որ իրեն կրկին կկալանավորեն, Ծառուկյանը պատասխանել է. «Մարդը, եթե ինքը մաքուր է, ինչի՞ց պետք է վախենա»:
Փաշինյանը մարտի 19-ին հայտարարել էր, որ ընդդիմադիր ուժերը փաստացի հանդես են գալիս խաղաղության վերանայման օգտին, ինչը, ըստ նրա, անխուսափելիորեն հանգեցնում է պատերազմի: Այնուհետև վարչապետը հստակեցրել էր, որ ընդդիմության՝ իշխանության գալու դեպքում պատերազմը կարող է սկսվել արդեն սեպտեմբերին, և դրա հետևանքները լինելու են աղետալի:





































