«Նոր ուժ» կուսակցությունն այսօր համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության մասին, քաղաքական ուժի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է: Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում:
Մարությանը նշել է, որ «Նոր ուժը» մասնակցելու է առանց դաշինքների, թեև բանակցել են տարբեր քաղաքական ուժերի հետ: Նա բացառել է հետընտրական համագործակցությունն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժի հետ:
Նախկին քաղաքապետը նշել է, որ որոշ ուժեր հայտարարում են, թե խաղաղություն են բերել, սակայն, իրականում, սպասարկում են Ադրբեջանի շահերը:
«Իրենք իրենց կառավարման ընթացքում բերել են ընդամենը պատերազմ, նվաստացում և անդադար զիջումներ: Այս պարագայում այլ պետությունը, որը քո դեմ է տրամադրված, ինչո՞ւ պետք է սկսի պատերազմ, եթե առանց պատերազմի էլ իր բոլոր քմահաճույքները կատարում ես»,- նշել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ պնդել էր, որ եթե իրենք չգան իշխանության նորից, պատերազմ կսկսվի:
Ըստ Մարությանի՝ ՀՀ-ին այնպիսի ուժ է հարկավոր, որն սկզբունքներից չի հեռանալու: Նա պնդել է, որ իր կուսակիցներն անկախ են, որևէ մեկին պարտք չունեն, անկաշառ են:
«Մենք ապացուցեցինք, որ կարելի է ուղղակի հանգիստ գնալ աշխատանքի, գործ անել և հետ գալ, ոչ թե դնել 200 հազարանոց ավտոմեքենաներ տակները, օգտվել իշխանության բոլոր բարիքներից, պարգևավճարներ ստանալ»,- նշել է նա՝ նկատի ունենալով «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներին:
Մարությանը քաղաքապետի պաշտոնն զբաղեցրել էր 2018 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 22-ը։ 2023 թվականի սեպտեմբերին նա դարձել էր Երևանի ավագանու անդամ «Ազգային առաջընթաց» կուսակցությունից, սակայն փետրվարի 7-ին խորհուրդն արտահերթ նիստում վաղաժամկետ դադարեցրել էր նրա լիազորությունները՝ նստաշրջանի նիստերի կեսից ավելին բաց թողնելու պատճառով։
Մարությանը «Նոր ուժ» կուսակցության ստեղծման մասին հայտարարել էր 2024 թվականի հունվարի 30-ին։





































