ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին աշխարհիկ անունով է անվանել։
Հարցին, թե որքանո՞վ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները հիմնավոր, որ հոգևորականները երրորդ երկրների գործակալներ են, ԱԱԾ տնօրենը նշել է. «Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական Միության КГБ-ի գործակալ էր, և այդ փաստը հանրայնացված է»։
Նա հստակ չի պատասխանել հարցին, թե քաղաքական գործիչ չլինելով՝ ինչո՞ւ է Գարեգին Երկրորդին իր ավազանի անունով դիմում։
«Այնպես, ինչպես օգտագործում եմ»,- այսպես է արձագանքել ԱԱԾ տնօրենը։
Civic.am կառավարամետ կայքը հրապարակել էր ՀՀ ԱԱԾ-ի պատասխանն իր հարցմանը, ըստ որի՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը համագործակցել է Խորհրդային ՊԱԿ-ի հետ 1986-1988 թվականներին: Լրատվամիջոցն ԱԱԾ պատասխանում, հղում անելով «առկա տվյալներին», պնդել էր, որ արքեպիսկոպոսը ներկայումս «կապեր է պահպանում օտարերկրյա հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ ՀՀ անվտանգությանը և շահերին»:
ԱԱԾ-ն 2025 թվականի դեկտեմբերին պետական գաղտնիքի հիմնավորմամբ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հրաժարվել էր պատասխանել, թե ե՞րբ է բացահայտել, որ արքեպիսկոպոսը կապ ունի օտարերկրյա գաղտնի ծառայության հետ։


































