«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դատապարտում է Կապանում իրավապահների գործողությունները:
Նրա խոսքով՝ նման գործողությունները ոչնչացնում են վերջին տարիների ձեռքբերումները։
«2017-ից ընդհուպ մինչև վերջին օրերը ոստիկանությունում բռնության կիրառման մասին հրապարակային հայտարարություններ չեն եղել։ Բռնության կիրառման մասին վերջին հաղորդումները գրանցվել են 2016 թվականին, մենք դա ստուգել ենք», — ասել է պատգամավորը։
Նա ընդգծել է, որ բռնության, խոշտանգումների կամ արժանապատվությունը նվաստացնող գործողությունների մասին վկայող լուսանկարների հրապարակման փաստով պետք է անմիջապես քրեական գործ հարուցվեր ՀՔԾ-ում, այլ ոչ թե նշանակվեր ծառայողական քննություն, ինչպես դա արեն են հիմա:
Մեկնաբանելով իշխող մեծամասնության պատգամավորների հայտարարություններն այն մասին, որ իրավաչափ ուժ է կիրառվել, Մարուքյանը նշել է, որ իր նման գնահատականները չեն զարմացնում հատկապես խորհրդարանում տեղի ունեցած վերջին միջադեպից հետո: Նա նշել է, որ հեղափոխությունը կատարվել է հանուն նրա, որ մենաշնորհներ չլինեն, որպեսզի մարդկանց բռնության չենթարկեն ոստիկանական տեղամասերում, որպեսզի զարգանա ժողովրդավարությունը և շատ այլ բաներ, բայց այս բոլոր ուղղություններով հետընթաց է գրանցվում:
«Եթե մարդը կարող է արդարացնել բռնությունը, ապա ուրիշ ինչի մասին խոսել այդ մարդու հետ», — հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին՝ ժամը 09:40-ին, Սյունիքի մարզային քննչական վարչություն բերման են ենթարկվել Քաջարանի երեք բնակիչներ Նվեր Խառատյանը, Խորեն Միրզոյանը և Լևոն Համբարձումյանը:
Քաղաքացիները հավաքվել էին վարչության և ոստիկանության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկված մարդկանց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






