«Քաղաքացիական պայմանագիրը» Երևանի կենտրոնում գտնվող գրասենյակում խլացուցիչներ է տեղադրել, ինչի միջոցով անհրաժեշտության դեպքում խլացնում են շրջակա տարածքների բջջային և այլ կապը, գրել է «Հրապարակը»։
Ըստ պարբերականի՝ Կասկադում, որտեղ վերջերս կուսակցությունը գրասենյակ է վարձել, կապի խլացուցիչներ են նաև տեղադրել, հարկ եղած դեպքում միացնում են դրանք, ու այդ ընթացքում շենքում և մոտակա հատվածներում խլացնում բջջային կապը։ Շարքային կուսակցականները վախենում են, որ իրենց էլ կգաղտնալսեն հեռախոսների միջոցով, հավելել է լրատվամիջոցը:
Թերթը գրել է, որ խորհրդարանի իշխանական պատգամավորներից շատերն իրենց աշխատասենյակում նույնպես հատուկ սարքեր են պահում, որոնք թույլ չեն տալիս հեռախոսի միջոցով գաղտնալսում իրականացնել։ Զրույցների ժամանակ հեռախոսը դնում են այդ սարքի մեջ, գրել է թերթը՝ հավելելով, որ, փաստացի, պետական կառույցներից բացի ՔՊ կուսակցական կառույցներն էլ են իրականացնում գաղտնալսումներ։
Իրավապաշտպաններ Լուսինե Մարտիրոսյանը և Արմեն Ֆերոյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակներում գնահատել էին Հայաստանում ապօրինի գաղտնալսումների վրա հիմնված գործերի քննության ընթացքը։ Նրանց խոսքով՝ իրավապահ մարմինները մինչ օրս չեն պարզել, թե ո՞վ է կազմակերպել և իրականացրել հանրային մեծ հնչեղություն ստացած ապօրինի գաղտնալսումները։






































