Իշխանությունը մեծ աշխատանք է տանում, որպեսզի արևմտյան կողմնորոշման քաղաքական ուժերն ընտրություններին մասնակցեն մեկ միասնական դաշինքով, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրն» ունենա հետընտրական կոալիցիա կազմելու հնարավորություն, գրել է «Հրապարակը»։
Ըստ թերթի՝ իշխանությունները շահագրգիռ են «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի և «Հայաստանի շնորհապետական» կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանի համագործակցությամբ, որոնց կարող են միանալ նաև մյուս արևմտամետ ուժերը՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ։
Սակայն, պարբերականի տեղեկությամբ, մինչ այս պահն Արամ Սարգսյանն իր համաձայնությունը չի տվել, քանի որ վստահ է՝ միայնակ կարող է հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը։ Այս պարագայում, ըստ թերթի, Բաբաջանյանի շուրջը կհամախմբվեն քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ և կփորձեն լայն կոնսոլիդացիա ապահովել։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Ըստ Armenia Today-ի հոկտեմբերի հարցումների՝ քաղաքացիների 21%-ը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, իսկ 10,7%-ը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» օգտին:




































