ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային զարգացումները՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը միտված հետևողական ջանքերի շարունակականությունը։
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը, տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի։
Փաշինյանն ու Մակրոնն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։ Ընդգծվել է տարբեր ուղղություններով գործընկերության խորացման և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ առաջմղման կարևորությունը։
Փաշինյանը Ֆրանսիայում է աշխատանքային այցով, որի ընթացքում նա մասնակցել էր Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։






































