Իշխանությունները հրահանգ են տվել արագորեն ազատել քրեակատարողական հիմնարկների նախնական կալանքի հատվածները, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ հատկապես ակտիվ աշխատանքներ են տարվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որը հայտնի է որպես նախկին և ներկա պաշտոնյաների, մասնավորապես՝ ուժային բլոկում ծառայած անձանց պատժի վայր:
Ըստ թերթի՝ այս որոշումը կապվում է առաջիկա ընտրություններին ընդառաջ նախատեսվող նախընտրական ճնշումների և ռեպրեսիաների հետ, որոնք իշխանությունը մտադիր է կիրառել քաղաքական ընդդիմության նկատմամբ:
Ազգային ժողովը փետրվարի 10-ին դեմ էր քվեարկել «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» նախագծին։ Ըստ նախագծի՝ ՀՀ իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարների բացահայտ գործիքի, իշխող վարչախմբի «գործողություններն ուղղված են երկրում վախի մթնոլորտ սերմանելուն, իշխանությունն ամեն գնով պահելուն», որոնք հանգեցնելու են իրավական պետության հիմքերի խաթարման ու սահմանադրական վերջնական տապալման։





































