«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է իր հորեղբոր որդու՝ Սարգիս Կարապետյանի վերջերս քննարկում առաջացրած հայտարարությունը։
Կարապետյանը նշել է, որ «համատեքստից կտրված այդ արտահայտությունը չպետք է թույլ տային, որպեսզի լիներ», քանի որ այն «կարող էր ներկայացվել որպես վիրավորանք հայրենակիցների հասցեին»:
Նա բացատրել է, որ իրենց շարժման համար սա դաս է, որպեսզի ավելի ուշադիր լինեն արտահայտվելիս և կանխեն ցանկացած մանիպուլյացիայի հնարավորություն: Այնուամենայնիվ, Կարապետյանն ընդգծել է վրիպումների և իրական գործունեության արդյունքների տարբերությունը։
«Դա ցավալի է, բայց մեր վրիպումները չեն ազդում մարդկանց կյանքի վրա, մեր վրիպումները մարդկանց մահեր չեն բերել, աղքատություն չեն բերում, այլ մարդկանց և մեր հայրենիքին աշխատատեղեր և բարեկեցություն են բերում»,- ասել է նա:
Նա բնորոշել է սա որպես «լավ քննություն», որը կօգնի հասկանալ, թե ինչպես պետք է պատասխանել սեփական սխալներին:
Սարգիս Կարապետյանը փոդքասթում նշել էր, որ Հայաստանում «ոչ մի կին չպետք է դժգոհ մնա»՝ հղում անելով երկրի ժողովրդագրական իրավիճակին։ Քննադատությանն ի պատասխան՝ նա ավելի ուշ շնորհակալություն էր հայտնել նրանց, ովքեր ամբողջությամբ դիտել էին փոդքասթը և նշել, որ քննարկվող թեմաները տաբու են, բայց, իր կարծիքով, կարևորագույն են հասարակության համար։ Նա պնդել էր, որ Հայաստանում չափազանց մեծ ուշադրություն է դարձվում արտաքին սպառնալիքներին, մինչդեռ ներքին խնդիրները մնում են անտեսված։





































