Հայաստանի արևմտամետ քաղաքական ուժերի շրջանում բացակայում է 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին միասնական ձևաչափով մասնակցելու վերաբերյալ համաձայնությունը, գրել է «Փաստ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ կուսակցությունները մտադիր են ընտրապայքարին մասնակցել առանձին ցուցակներով, ինչի պատճառը ԵՄ-ից Հայաստանին հատկացվելիք 15 միլիոն եվրոյի բաշխման շուրջ տարաձայնությունն է։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը մտադիր են պայքարել այդ միջոցների կառավարմանը մասնակցություն ունենալու համար, ինչն ազդել է նրանց միջև առկա փոխհարաբերությունների վրա, պարզաբանել է լրատվականը։
Թերթի տեղեկություններով՝ միասնականության բացակայությունը պայմանավորված է նաև «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանի՝ իր իսկ ստեղծած «Եվրաքվե» դաշինքից դուրս մնալով, ինչի պատճառով նա ևս մտադիր է ընտրություններին մասնակցել առանձին։
2025 թվականի հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին։ Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեի միջոցով։




































