Հայ դատի Ամերիկայի արևմտյան ափի հանձնախումբը դատապարտել է Medicare և Medicaid Services կենտրոնների (CMS) ադմինիստրատոր Մեհմեթ Օզի կողմից հնչեցված հայտարարություններն ու հրապարակված տեսանյութը, որոնցում Լոս Անջելես շրջանի ենթադրյալ առողջապահական խարդախությունները կապվում են «օտար ազդեցությունների», այդ թվում՝ «ռուսահայկական խմբավորումների» հետ, հայ ինքնության, լեզվի և համայնքային ներկայությունը՝ ներկայացվում որպես հանցավորության ցուցիչ։
Հանձնախումբն ընդգծել է` խարդախությունը հանցագործություն է, և յուրաքանչյուր ապացուցված խախտում պետք է քննվի ու պատժվի օրենքի գերակայության շրջանակում՝ անկախ անձի ծագումից։ Սակայն օրենքի գերակայությունը պահանջում է անհատական կասկած և ապացույցներ, այլ ոչ թե ակնարկներ կամ ենթադրություններ՝ հիմնված լեզվի, մշակույթի կամ էթնիկ պատկանելության վրա։
Հանձնախմբի զգուշացմամբ՝ այսպիսի ձևակերպումները փաստացի վերածվում են հանրայնորեն տարածվող ատելության խոսքի՝ խրախուսելով ամերիկահայ բիզնեսների և մասնագետների նկատմամբ հետապնդումները և հիմք ստեղծելով խտրական իրավապահ գործելակերպի համար։
Հանձնախումբը կոչ է արել Օզին և CMS-ին անհապաղ հետ վերցնել և ուղղել այն հռետորաբանությունը, որը ենթադրյալ խարդախությունը կապում է հայկական ինքնության, լեզվի կամ մշակույթի հետ, ապահովել, որ բոլոր քննությունները լինեն խիստ ապացույցների վրա հիմնված և ոչ խտրական, հրաժարվել համայնքների նկատմամբ հավաքական մեղադրանքից, համագործակցել համայնքային կառույցների հետ՝ վստահությունը վերականգնելու և քաղաքացիական իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար։
Հանձնախումբը վերահաստատում է. հայ ամերիկացիները Միացյալ Նահանգների և Կալիֆոռնիայի հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներ են, կառավարական հաղորդակցությունը, որը խթանում է հայատյացությունը կամ վտանգի տակ է դնում համայնքի անվտանգությունը, անընդունելի է։
Հայ դատի Ամերիկայի արևմտյան ափի հանձնախումբը պատրաստակամություն է հայտնել աջակցել խիստ, օրինական և արդար պայքարին ընդդեմ խարդախությունը՝ միաժամանակ պաշտպանելով քաղաքացիական և մարդու իրավունքները բոլոր համայնքների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






