Ատլանտյան խորհրդի կայքում հրապարակվել է Եվրասիա կենտրոնի տնօրեն Էնդրյու Դ'Անիերիի և «Թուրան» հետազոտական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Էփշտեյնի վերլուծական հոդվածը, որը նվիրված է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծին և տարածաշրջանի վրա նրա հնարավոր ազդեցությանը։
Հեղինակներն ընդգծում են, որ նախագիծը ծագել է ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների շրջանակներում, և կապված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու և արևմուտքի կողմը վերակողմնորոշվելու քաղաքականության հետ։
Նրանց կարծիքով՝ ԱՄՆ-ի վերահսկողական դերը նախագծում քաղաքական երաշխիքներ է տալիս միջանցքի իրականացման համար, նվազեցնում է համաձայնագրերի խափանման ռիսկը և սահմանափակում է Մոսկվայի ու Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում։
Հեղինակները նշում են, որ Հարավային Հայաստանի միջով անցնող 27 մղոնանոց տրանսպորտային միջանցքը, չնայած իր սահմանափակ երկարությանը, կարող է կարևոր դեր խաղալ Կենտրոնական Ասիան Թուրքիայի և Եվրոպայի հետ կապելու գործում՝ շրջանցելով Ռուսաստանը և Իրանը։ Նրանք գնահատում են, որ TRIPP-ը կարող է դառնալ Միջին միջանցքի կարևոր տարր և նվազեցնել հումքի ու ապրանքների Եվրոպա տեղափոխման արժեքը։
Միևնույն ժամանակ՝ հեղինակները մատնանշում են հնարավոր ռիսկերը, այդ թվում՝ պատժամիջոցների շրջանցման սպառնալիքը, Միջին միջանցքի երթուղիների պահանջարկի անկայունությունը և Իրանի բացասական արձագանքը։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:






































