Հունվարի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները համատեղ զննում են իրականացրել Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածում, հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նշվում է, որ զննման նպատակն էր գնահատել ենթակառուցվածքի տեխնիկական վիճակն ու դրա պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի համար՝ հետագա վերականգնողական աշխատանքների իրականացման համատեքստում։
Նախարարությունից հավելել են, որ կողմերը քննարկել են հատվածի տեխնիկական վիճակի գնահատման հետ կապված հարցեր։
Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածը խորհրդային շրջանում հանդիսացել է տարածաշրջանային երկաթուղային ցանցի մաս և կապել է Հայաստանը Նախիջևանի միջոցով Ադրբեջանի հետ։ Տարածաշրջանային հաղորդակցությունների փակման հետևանքով հատվածը երկար տարիներ չի շահագործվել, և ենթակառուցվածքը մնացել է անգործածելի վիճակում։
Վերջին տարիներին կողմերը քննարկում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը, որի շրջանակում դիտարկվում է նաև երկաթուղային կապերի հնարավոր վերականգնումը։
Կարդացեք նաև՝
Ապաշրջափակումն անիմաստ կլինի, եթե չապաշրջափակվի Երասխ-Սադարակ հատվածը. Միրզոյան
Քանի դեռ Երասխ-Սադարակ ճանապարհահատվածը չի կառուցվել, Հայաստանը շրջափակված է. Արթուր Խաչատրյան




































