Մեր մեծագույն ձախողումը համավարակի վերաբերյալ պատճաշ և համարժեք հաղորդակցությունը հանրության հետ և քարոզչությունը համապատասխան իրականացնելու պատշաճ ծավալից հրաժարումն էր կամ չկատարումը պատշաճ մակարդակով: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների օրեցօր ավելացող թվերին։
Պատգամավորի խոսքով՝ դավադրապաշտական այն ամբողջ քարոզչական արշավը, որը տարբեր երկրներից նաև մեր հայրենակիցների ուղիղ ներգրավմամբ և մասնակցությամբ տեղ ունի մեզանում, պետք է լինի Կառավարության ուշադրության կենտրոնում։
«Տեղական մասնագետները ևս հանդես են գալիս և խայտառակ կերպով խոսում այն մասին, որ սա կազմակերպված, համաշխարհային ինչ-որ կենտրոններից ուղղորդվող գործընթաց է, որ այս հիվանդությունը իրականում բոլորովին այլ նպատակներ է հետապնդում: Կուզեի՝ Կառավարությունը դիտարկեր այդպիսի քարոզչությամբ զբաղվողներին ընդհանրապես քրեական պատիժ սահմանելու հնարավորության մասին»,- նշեց նա:
Գերմանիայում 25-ից մինչև 10 հազար եվրո տուգանք է սահմանված, եթե պատշաճորեն չի կիրառվում դիմակ կրելու պահանջը: Բաբաջանյանն ի մի բերեց եվրոպական երկրների իր ուսումնասիրությունը, ըստ որի՝ մեկ միլիոն բնակչություն ունեցող երկրների հաշվով 10 անգամ պակասում է վարակը, եթե բաց և փակ տարածքներում պատշաճ կրում են դիմակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







