Խորհրդարանը կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է անցկացնում։ Քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։ Նախագծի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում:
Հարցով հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ համաձայն նախագծի՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանվում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 250-ապատիկի չափով պատասխանատվություն։
«Գործող ազատ տեղաշարժման սահմանափակումների համար այդ չափի պատասխանատվության միջոցը համաչափ չէ և չի կարող արդյունավետորեն նպաստել հետապնդվող նպատակի իրականացման համար: Հրատապ է համաչափ պատասխանատվության միջոցի սահմանումը, որն արդյունավետ կդարձնի առկա սահմանփակումները»,- ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ առաջարկվում է դիմակ չկրելու համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ տասը հազար դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







