Կապսի ջրամբարի կառուցման մրցութային ընթացակարգերն իրականացվել էին միջազգային գործընկերների հաստատած ընթացակարգով, և նրանց կողմից պարզապես պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել, հայտարարել է ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում։
Ըստ վարչապետի՝ այդ պայմանագիրը խզվել է, հետևաբար՝ կառավարությունը կփնտրի նոր գործընկեր, որը ծրագիրն ավարտին կհասցնի։
«Մեր խոստումն այսպես թե այնպես կկատարվի, այսինքն՝ կունենանք Կապսի ջրամբարը, ինչպես ունեցանք Վեդիի ջրամբարը և այլ ջրամբարներ։ Մեծ բազմամիլիոն-միլիարդ կապիտալ ներդրումների ռիսկերը պետք է ընթացիկ կառավարենք։ Սա նաև նկատի ունեմ, երբ ասում եմ, որ պետք է սովորենք։ Ասելով չի, որ մի քանի հազար տարվա շինարար ազգ ենք, խնդիրներ կան, որոնք պետք է սովորենք լուծել և այնպես անել, որ չառաջանան»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ նախ պետք է հասկանալ, թե ծրագրերն ինչպե՞ս են իրականացվում, քանի որ առաջին հայացքից՝ խնդիրը միջոցներ տրամադրելու մեջ է, իսկ իրականում՝ դա այնքան էլ այդպես չէ։
«2018 թվականին մեզ թվում էր, երբ փող ունենանք, բոլոր հարցերը կլուծվեն, բայց երբ փողը, ինչպե՞ս է կապիտալ ծրագիրն իրականացվում․ հայտարարվում է մրցույթ, պետությունն ասում է՝ գործարա՛ր համայնք, ուզում եմ այսպիսի նախագիծ իրականացնել, ունեմ ֆինանսավորում, ո՞վ կկառուցի և ի՞նչ գնով»,- պարզաբանել է նա։
Կապսի ջրամբարի մրցութային փաթեթի կազմման աշխատանքներն ավարտվել էին 2021թ․։ Նոյեմբերի 1-ին մեկնարկել էր մրցութային գործընթացը, որի վերջնաժամկետ էր սահմանվել 2022թ. հունվարի 10-ը։
Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս՝ Ախուրյանի գետահովտում: Առաջին փուլով նախատեսվում էր կառուցել ընդհանուր 25 մլն մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60 մլն մ3 : Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում էր 60 մլն եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 50 մլն եվրո։ Վարկային համաձայնագիրն ուժի մեջ էր մտել 2015 թվականի հունիսի 29-ից, մասհանման վերջնաժամկետը սահմանվել էր 2019 թվականի դեկտեմբերի 30-ը, որը երկարացվել էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։


































