«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը գրանցել է պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի և Սասուն Միքայելյանի թեկնածությունը նախընտրական ցուցակում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նրանց թեկնածությունը գրանցվել է երեկ՝ դեկտեմբերի 24-ին։
Լրատվականի տեղեկությամբ՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտը ներկայացրել է անկուսակցականի կարգավիճակում և պետք է 1,5 միլիոն դրամ վճարի: Նրան երաշխավորել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ինչն անկուսակցականների դեպքում պարտադիր պայման է։
20 անձից բաղկացած վարչությունից որևէ մեկը հարց չի տվել Միքայելյանին, միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրվել, թե եթե պետք լինի, կհրաժարվի՞ մանդատից: Միքայելյանը պատասխանել է՝ կհրաժարվի։
Դեկտեմբերի 10-ին մամուլը գրել էր, որ ՔՊ-ն պատգամավորության թեկնածու առաջադրվածներին մանրակրկիտ քննում է, որ հասկանա՝ դուրս թողնե՞լ մրցակցությունից, թե՞ հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին։ Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպե՞ս անել, որ ձևավորի ՔՊ-ի՝ իր համար ցանկալի նախընտրական ցուցակն առանց օրենքի շրջանցման:





































