Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահի աշխատակազմին։
Որպես պատճառ նշվել է նախագահի խիտ աշխատանքային գրաֆիկը։ Ալիևը մասնակցել էր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 9-10-ը Դուշանբեում։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմից նաև պարզաբանել են, որ Ալիևը չի մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հիմնական մարմնի՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի դեկտեմբերի 21-ի նիստին, քանի որ Ադրբեջանը կազմակերպության անդամ չէ։
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 22-ին։ Գագաթնաժողովն ավանդաբար անցկացվում է Սանկտ Պետերբուրգում՝ 2018 թվականից ի վեր։ Կրեմլը հայտարարել էր, որ ակնկալում է Ալիևի մասնակցությունն այս տարվա միջոցառմանը և պատրաստվում է նրա ժամանմանը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շփումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ։ Դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվել էր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։




































