ՀՀ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Հայկ Սարգսյանն ու Կարեն Սարուխանյանը դուրս են մնացել կուսակցության նախընտրական ցուցակից, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ՔՊ վարչությունը 20 անձից բաղկացած հանձնաժողով է ձևավորել, որը կանչում, հարցեր է տալիս առաջադրվածներին։ Վարչության միայն 3 անդամ է կողմ քվեարկել, որ Սարգսյանն անցնի հիմնական ցուցակ, գրել է թերթը։
Լրատվականի տեղեկություններով՝ նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուի մի մասն արդեն անցել է այս գործընթացով և չի հաղթահարել այն։
Դեկտեմբերի 10-ին մամուլը գրել էր, որ ՔՊ-ն պատգամավորության թեկնածու առաջադրվածներին մանրակրկիտ քննում է, որ հասկանա՝ դուրս թողնե՞լ մրցակցությունից, թե՞ հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին։ Մամուլն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպե՞ս անել, որ ձևավորի ՔՊ-ի՝ իր համար ցանկալի նախընտրական ցուցակն առանց օրենքի շրջանցման:






































