«Հայաքվե» հասարակական-քաղաքացիական միավորումը պատրաստվում է միավորվել նոր ձևավորված «Միասնության թևեր» շարժման հիմնադիր ու առաջնորդ Արման Թաթոյանին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Միավորման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը թերթին հերքել է տեղեկությունը, սակայն նշել է, որ արտախորհրդարանական ընդդիմության հետ ու դաշինք ձևավորելու քննարկումներ և կոնտակտներ կան։
Երբ դաշինք ստեղծելու գաղափարը պարզ լինի, ապա հանդես կգանք հայտարարությամբ և կտեղեկացնենք հանրությանը, նշել է նա՝ չմանրամասնելով, թե ո՞ր ուժերի հետ են հանդիպումներ ունենում, ի՞նչ հարցերի շուրջ են համաձայնության գալիս և ունե՞ն արդյոք միասնական թեկնածու։
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ արտախորհրդարանական ընդդիմադիր որոշ ուժեր՝ «Հայ ազգային կոնգրես»-ը (ՀԱԿ), «Սասնա ծռեր»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Նժար» սահմանադրական շարժումը, «Հաղթանակ» կուսակցության նախագահ, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ քննարկելու համապետական ընտրություններին ընդառաջ իրենց անելիքները։






































