Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հայաստանի իշխանություններին կոչ է անում հեռու մնալ Սուրբ Էջմիածինի ներքին կյանքին ու խնդիրներին միջամտելու, եկեղեցու ներսում պառակտումներ մտցնելու ազգակործան քայլերից՝ դրանք որակելով «հակասահմանադրական, դատապարտելի ու անընդունելի»:
Նա Սուրբ Էջմիածնին հորդորել է համբերատարությամբ ու խոհեմությամբ այս ամենի դեմն առնել, համախմբվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի շուրջ և առկա խնդիրները քննել կանոնական ընթացակարգով:
«Անցնող ամիսներին խոր մտահոգությամբ հետևեցինք Սուրբ Էջմիածնի շուրջ տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին։ Զանազան առիթներով ու միջոցներով փորձեցինք հանդարտեցնել փոթորկալից կացությունը և փոխադարձ հասկացողության մղել՝ հատկապես զգուշացնելով եկեղեցին պառակտելու առաջնորդող քայլերից»,- նշել է Արամ Ա-ն։
Նա արձանագրել է, որ այսօր կացությունն ավելի վտանգավոր է դարձել՝ հղի աննախատեսելի հետևանքներով:
«Սուրբ Էջմիածինի և, ընդհանրապես, մեր եկեղեցու ամբողջականության ու ներքին միության ամուր պահպանումը և այն ներքին, թե արտաքին վտանգներից հեռու պահելը համազգային առաջնահերթություն է»,- նշել է նա:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Նիկոսիայում մատուցած պատարագից հետո իր խոսքում նշել էր, որ քննադատում է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա ու ընդգծել, որ իր այդ դիրքորոշումը երբեք չի փոխվել ու շարունակելու է մնալ կայուն:



































