Օրերս ընթացող Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցեցին Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» անվամբ պանելային քննարկմանը:
Ինչպես և պետք էր ակնկալել, երկու առաջնորդները ներկայացրին Ղարաբաղյան հակամարտությունը և դրա լուծումը տրամագծորեն հակադիր կողմից: Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ Փաշինյանը և Ալիևը առաջին անգամ էին հանդիպում բաց քննարկման ձևաչափով: Հենց այդ հանգամանքի վրա էր ուշադրություն դարձնում Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը:
Ամփոփելով համաժողովի արդյունքները` նախագահ Վոլֆգանգ Իշինգերը հայտարարել է. «Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում մենք հասել ենք նշանակալի արդյունքների: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները առաջին անգամ հանդիպեցին հանրային հարթակում` քննարկելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերը: Դա ծափահարությունների է արժանի, քանի որ պահանջում է որոշակի քաջություն»:
Նշենք, որ վերջին տարիների ընթացքում Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչները փորձել են կազմակերպել բարձր մակարդակի քննարկում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Իհարկե, հազիվ թե «նշանակալի արդյունքներ» արտահայտությունը համընկնի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների անարդյունավետ հանրային քննարկմանը: Սակայն Փաշինյանի և Ալիևի` մի հարթակում հանդես գալու պատրաստակամությունը կարելի է համարել Երևանի և Բաքվի կողմից դրական քայլ:
Մինչդեռ համաժողովից առաջ կայացավ երկու առաջնորդների անձնական հանդիպումը, որն անցավ փակ ձևաչափով: Գործնականում այս իրադարձությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ` հունվարի վերջին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Ժնևում ունեցան երկօրյա բանակցություններ, որոնք տևեցին 11 ժամ:
Դատելով ամենից` Մնացականյան-Մամեդյարով ռանդևուից հետո Գերմանիայում կար հստակորեն խոսելու բան։ Կարելի է ենթադրել, որ, մասնավորապես, խոսքը գնում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Երևանի թարմացված մոտեցումների մասին (2018թ․ մայիսին իշխանափոխությունից հետո), որոնք ներկայացնելով՝ ՀՀ Վարչապետն այն կոչեց «Մյունխենյան սկզբունքներ»։
Կարճ ասած այդ սկզբունքները հանգում են հետևյալին․
1․ Լեռնային Ղարաբաղը հակամարտության և բանակցությունների կողմ է, առանց որի հետ բանակցությունների հնարավոր չէ լուծել հակամարտությունը,
2․ Չկան տարածքներ, կա անվտանգություն․ Լեռնային Ղարաբաղը չի կարող հրաժարվել իր անվտանգությունից,
3․ Հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի, Ադրբեջանի ժողովրդի համար,
4․ Ղարաբաղյան հարցը չի կարող ունենալ ռազմական լուծում։
Ինչպես երևում է, սա «Մադրիդյան սկզբունքներին» որոշակի այլընտրանք է, որի շուրջ արդեն տասներեք տարի Երևանը և Բաքուն անարդյունավետ բանակցություններ են վարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)հովանու ներքո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







