ՀՀ գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել մշտադիտարման արդյունքում արձանագրված ԶԼՄ-ների հրապարակումները, դրանցում ներկայացվող տեսանյութերը ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ, ինչպես նաև դեպքի կապակցությամբ քաղաքացուց ստացված հաղորդումը և կից փաստաթղթերը: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Նշել էի նաև, որ բացի դա, մի քանի քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել նաև Ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ: Հաղորդումները և ԶԼՄ այդ կապակցությամբ հրապարակումները ևս ուղարկվել էին ՀՀ ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար»,- նշել է Արբահամյանը։
Գլխավոր դատախազի խորհրդականը տեղեկացնում է, որ երկու դեպքի առթիվ էլ ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ:
«Նշված առաջին դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 309.1 հոդվածով ([խոշտանգում): Երկրորդ նշված դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (բռնության գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը)»,- գրել է Աբրահամյանը։
Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ քրեական գործերն ընդունվել են վարույթ և կատարվում է նախաքննություն:
«Կապահովվի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որով բոլոր անձանց գործողություններին կտրվեն անհրաժեշտ իրավական գնահատականներ»,- գրել է գլխավոր դատախազի խորհրդականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







