Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում հայկական հումանիտար առաքելությունը, անկասկած, իր ներդրումն է բերում այդ տարածաշրջանում իրադրության կարգավորման գործում, շատ հատկանշական է ՝ ելնելով մի քանի հանգամանքներից:
Հայ սակրավորներն ու բժիշկները Սիրիա են մեկնել այս տարվա փետրվար ամսին։ Սկսած այդ ժամանակահատվածից՝ հայ սակրավորներն ու բժիշկները հազարավոր մարդկանց բուժօգնություն են ցուցաբերել, իսկ հայ վիրաբույժները մի քանի հարյուր վիրահատություն են կատարել։ Ի դեպ, այս փաստին հատուկ ուշադրություն է դարձրել նաև Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Այդ ընթացքում հայ սակրավորներն ականազերծել են ավելի քան 30 հազար քառակուսի մետր տարածք։ Նշենք նաև, որ հայկական հումանիտար առաքելությունն ուղարկվել է Հալեպ ՝ համապատասխան ՀՀ օրենսդրությանը:
Դաշնակցային պարտավորությունների տեսանկյունից Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկրներից միակն է, որը կոնկրետ քայլ է ձեռնարկել ՝ աջակցելով Մոսկվային Սիրիայում մարդասիրական գործունեության իրականացման գործում։ Այս կերպ Երևանը վերահաստատել է Մոսկվայի հետ ռազմավարական փոխգործակցության հարցում իր պատրաստակամությունն ու հավատարմությունը։ Այս համատեքստում կարելի է պնդել, որ այսօր հայ-ռուսական հարաբերություններն ակնհայտորեն խորանում են։
Նշենք, որ ռուսական իշխանությունները ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել էին մարդասիրական առաքելություն ուղարկել Սիրիա, սակայ Սերժ Սարգսյանը ձեռնպահ էր մնացել կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մի շարք փորձագետների կարծիքով Հայաստանի նախկին ղեկավարությունը չէր ցանկանում սրել հարաբերությունները Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ։
Սիրիայի հետ բարեկամական հարաբերությունների տեսանկյունից Հայաստանը մարդասիրական աջակցություն է ցուցաբերում սիրիացի եղբայրական ժողովրդին, որն անցյալ դարասկզբին ապաստան է տվել Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի։ Այս փաստի վրա հատուկ շեշտադրում են կատարում Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները ։ Ի դեպ, ինչպես նշում են ՀՀ ռազմական ղեկավարության ներկայացուցիչները, մարդասիրական առաքելության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի և Սիրիայի միջև դեռևս 2001 թվականին ստորագրված միջպետական պայմանագրով:
Աշխարհաքաղաքական տեսանկյունից Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության մասնակցությունը որոշակի չափով բարձրացնում է Երևանի հեղինակությունը Մերձավոր Արևելքում և նրա առանձնահատուկ հետաքրքրությունը տարածաշրջանում: Այս համատեքստում կարևորվում է նաև Հայաստանի պատասխանատվությունը Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







