Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը մտադիր են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հանդիպումը տեղի կունենան առաջիկա օրերին՝ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Այս տարի երկու պետությունների ղեկավարների և արտաքին գործերի նախարարների մակարդակով մի քանի հանդիպումներ են անցկացվել։ Վերջին նման հանդիպումը՝ Մնացականյանի և Մամեդյարովի միջև, տեղի է ունեցել հունիսի 20-ին Վաշինգտոնում։
Ի տարբերություն Հայաստանի նախորդ ղեկավարության՝ ներկայիս ղեկավարությունն ակնհայտորեն չի շտապում կոնկրետ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ պետք է հասկանալ, թե ինչ են նշանակում այդ սկզբունքները գործնականում և ով իրավունք ունի դրանք մեկնաբանել։ Նրա խոսքով «անհրաժեշտ են որոշակի պարզաբանումներ Մադրիդյան սկզբունքների նշանակության և այն հնարավորությունների շրջանակի մասին, որոնք նրանք տալիս են, մասնավորապես, Ղարաբաղի կարգավիճակի հարցում»: Եվ այս համատեքստում «Ադրբեջանի մեկնաբանությունը հայկական կողմի համար անընդունելի է»։ Փաշինյանի կարծիքով՝ միայն կարգավիճակի հստակ սահմանումից հետո հայկական կողմը կկարողանա հասկանալ, թե որքանով է իր համար ընդունելի Մադրիդյան սկզբունքները։
Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետը նաև նշում է, որ անհրաժեշտ է բարձրացնել «Արցախի Հանրապետության ինքնիշխանության մակարդակը» և քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացում Ստեփանակերտի ներգրավվածության ապահովման ուղղությամբ: ՀՀ վարչապետի խոսքերով՝ «այս ամենը քմահաճույք չէ, այլ հակամարտության կարգավորման գործընթացի արդյունավետության պայման»։
Հիշեցնենք, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ չի կարող Արցախը ներկայացնել բանակցություններում, քանի որ այդ Հանրապետության բնակիչներն իր ընտրողները չեն և չեն քվեարկել նրա օգտին։ Այդ պատճառով Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ։
Սակայն այն իրավիճակում, երբ Բաքուն հրաժարվում է հանդիպել Արցախի ղեկավարության հետ, դժվար թե բանակցային գործընթացում կոնկրետ արդյունքներ սպասեն։ Այնուամենայնիվ, քննարկումները, գոնե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո շարունակվում են։
Ակնհայտ է, որ Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում պարզ գիտակցում են, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումն իրական «գլխացավանք» կդառնա ողջ միջազգային հանրության համար։ Նկատի ունենալով Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը և այստեղ համաշխարհային տերությունների աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի միահյուսումը՝ ակնհայտ է, որ տարածաշրջանում լարվածության նոր շրջափուլն այսօր դրանցից ոչ մեկին ձեռնտու չէ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







